Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Ֆեյսբուքյան առօրյա. 14 տարի առաջ և հիմա

Ֆեյսբուքյան առօրյա. 14 տարի առաջ և հիմա
08.04.2026 | 20:23

Մեր հանրահայտ Մեծերի՝ Տիգրան Պետրոսյանի և Առնո Բաբաջանյանի առօրյա հանգստի այս լուսանկար-դրվագը ֆեյսբուքյան իմ էջում զետեղել եմ 2012-ի նոյեմբերի 28-ին՝ հետևյալ գրառմամբ.

«Բոլոր մեծ շախմատիստները, որպես կանոն, վատ նարդիստներ են, իսկ մեծ կոմպոզիտորները զառը ոչ թե «բռնում», այլ ուզածդ ձևով «հորինում» են՝ երաժշտության պես: Մնում է ենթադրել, որ Առնո Բաբաջանյանը երկարով Տիգրան Պետրոսյանին մարս է անում: Թեև, ո՞վ գիտե, ասում են՝ շախմատի հայ արքան, բոլոր գլուխգովան նարդիստների պես, հաճախ էր կրկնում. «Եթե ես շախմատի ժամանակավոր չեմպիոն եմ, ապա նարդու՝ հավերժ»:

Ուղիղ ութ տարի անց՝ 2020-ի նոյեմբերի 28-ին, երբ Ֆեյսբուքը հիշեցրել է ոչ վաղ անցյալի գրառումը, ֆեյսբուքյան էջումս հայտնվել են այս տողերը.

«ՈՒթ տարի առաջ սենց պայծառ ու անմեղ բաներով էինք լցնում մեր էջերը, բարի ու սիրուն պատմություններ հորինում, ուրախանում, երբ ընկերներից մեկի տանը ուրախություն էր, տխրում, երբ մեկը ժամանակավորապես բացակայում էր էս տարածքից... ՈՒ էլի լիքը միամիտ ուրախություններ ու տխրություններ, որ հարազատորեն կապում ու մտերմացնում էին մեզ, դարձնում վիրտուալ, բայց իրականին շատ մոտ մի ընտանիք: Հիմա մի մասս «սև» է, մյուսը՝ «սպիտակ», էն մնացածն էլ՝ լրիվ անգույն : ՈՒ բոլորս հավասարապես դժգոհ ենք, և արդեն կարևոր էլ չէ, թե որս՝ ինչից: Եվ քանի գնա՝ ավելի ենք դժգոհելու, որովհետև շատ կարևոր մի բան ենք կորցրել՝ պայծառ ու անմեղ բաներով հիանալու երեխայական կայտառությունը»:

Օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, երևի էջումս վերուվար անելով, 2020 թվի վերոհիշյալ գրառումն էր հավանել, ինչի մասին «խաբարբզիկ» ֆեյսբուքն անմիջապես իրազեկեց՝ շատ ավելի դառը խորհրդածությունների տեղիք տալով:

Դժվար է հաշտվել այն իրողության հետ, որ ընդամենը ութ տարում նախկին «թավիշը» կարողացավ հիմնովին «շուշաթղթել» ֆեյսբուքյան օգտատերերի էջերը՝ ճիշտ և ճիշտ մեր ձևախեղված իրականության պատկերով: Մարդիկ հայտնվել են երկու զուգահեռ հարթություններում, մեկում՝ վերահաս աղետի սրված կանխազգացում, մյուսում՝ թմրած անտարբերություն բացահայտ վտանգի հանդեպ: Մեկում՝ փոքրիկ, առօրյա ուրախությունների սով, մյուսում՝ աղեստամոքսային տրակտի խրախճանք: Այն տպավորությունն է, որ սոցիալական ցանց կոչվող այս անպարագիծ տարածքում գենետիկորեն իրար հետ կապ չունեցող հանրային խմբեր են՝ բնիկներ ու եկվորներ: Նույնիսկ լեզուներն են տարբեր: Բնիկները խոսում և գրում են հայերեն, եկվորները լատինատառ են հաղորդակցվում, եթե օրվա իշխանությանը սապոնվելն ու նրա ընդդիմախոսներին հայհոյելը կարելի է հաղորդակցություն համարել: Զազրախոսության ու քծնանքի հեղեղի մեջ բովանդակալից խոսքը գնալով դառնում է անապատում հանկարծակի հայտնված ցայտաղբյուրի պես մի բան: Մարդկային սովորական ուրախություններն իրենց տեղը զիջել են սարքովի զվարճանքներին, հումորին փոխարինելու է եկել ցինիզմը, առողջ ծիծաղին՝ թունոտ հռհռոցը: Սա մեր իրական կյանքի վիրտուալ արտացոլանքն է, ու եթե պատկերը սրտներովս չի, չարժե մեղքը բարդել ծուռ հայելու վրա: Հասարակության սոցիալական դեմքը շպար չի ընդունում, պռտես-չպռտես՝ արատները պարզ երևում են: Անշպար-անարատ սոցիալական միջավայր չունեցանք՝ առողջ սոցիում ունենալը երազանք էլ մնալու է: Իսկ նման միջավայրը կախարդական փայտիկի նրբագեղ հպումով չի ստեղծվում, կենսակերպով թրծված վարքականոնների մի ամբողջ փունջ է պետք ու տևական ժամանակ: Ամենակարևորը մոռացա՝ գիտակից հասարակություն ունենալը գերխնդիր համարող պետություն է պետք, մի բան, որ անկախության տարիների մեր աքիլեսյան գարշապարը եղավ, վերջին ութ տարիներին էլ դարձել է «գարշապարի աքիլես»: Անհեթեթ ձևակերպում է՝ համաձայն եմ: Իսկ ի՞նչը անհեթեթ չի հիմա: «Ինչքան հանրությունը՝ անգիտակից, այնքան՝ վերահսկելի ու կառավարելի». սա չի՞ օրվա «աքիլեսների» գարշապարային վերաբերմունքը վերոհիշյալ խնդրին: Թե ինչքան խոցելի է դարձել պետությունը նման վերաբերմունքից, անգիտակիցները, թերևս, չեն էլ գիտակցում: Ավտոբուսը՝ ուրախ, տեսարանը՝ ձրի, մտիր ֆեյսբուք ու ֆռֆռա, չուզողներին էլ «տխուր ավտոբուսով» Եռաբլուր ուղարկիր՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն» երթուղով:

Տխուր եք ապրում, պարոնայք՝ կասեր Չեխովը: Ավելացնեմ՝ անհեթեթորեն տխուր: Արհեստական լավատեսություն խաղալ էլ չի ստացվում:

Ոչ վաղ անցյալի երեխայական կայտառությունից մի փշուր հետ գար, բանաստեղծություն գրեի՝ սիրու՜ն-սիրուն բառերով: Էն Դոստոևսկին էլ հո իզուր չի՞ ասել՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Վիրտուալ աշխարհն էլ:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ